ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄՆԱՑ ԱԼԲԱՆԱՑԻ

ՄՆԱՑ ԱԼԲԱՆԱՑԻ
17.11.2009 | 00:00

Վերջապես երեկ լեռը մուկ ծնեց... Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վճռեց անդրադառնալ իր նախորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում հնչեցրած ելույթին։ Սկզբունքորեն, եթե որևէ քաղաքական գործիչ, առավել ևս հանրապետության նախկին նախագահը, որոշում է պատասխանել իրենից կարգավիճակով ոչ ցածր մեկ ուրիշի խոսքին, այդ պատասխանը պետք է համարժեք լինի։ Համարժեք այն իմաստով, որ հանրությանը պետք է ներկայացվի նույնպիսի համալիր վերլուծություն, որպեսզի հասարակությունը կարողանա կողմնորոշվել, թե ով է ավելի իրավացի իր դիրքորոշման մեջ։
Սակայն, ինչպես և սպասելի էր, Քոչարյանը հավատարիմ է գոնե ինքն իրեն։ «Մեդիամաքս» գործակալության միջոցով տարածված և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրով հանրությանը ներկայացված իր պատասխանում նա նշում է. «Տեր-Պետրոսյանի մեծամտությունը ծանր տպավորություն է թողնում։ Ընդ որում, նրա ելույթը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեև այդ ամենի մասին խոսել են բոլորը, ով չի ալարել։ Դա շատ ձանձրալի ելույթ էր։ Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն։ Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` վերջինիս բացակայության պատճառով։ Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի»։
Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ. այն, որ, ցավոք, այդ երկու քաղաքական գործիչների միջև մակարդակների տարբերության անդունդն անցած տարիների ընթացքում այդպես էլ չի նվազել։ Տեր-Պետրոսյանն իր բոլոր թերություններով, հասարակության մի մասի համար գուցե բացարձակապես անընդունելի մոտեցումներով հանդերձ, ընդդիմախոսին դիմել է քաղաքական լեզվով։ Այսինքն, այն մեղադրանքները, որ նա հնչեցրեց Քոչարյանի հասցեին ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի վերջին նիստում, բացառապես քաղաքական բնույթ ունեն։ Դրանցում քննադատվում է Քոչարյանի վարած քաղաքականությունը, բայց որևէ վիրավորանք չկա նրա անձի նկատմամբ։
Քոչարյանը, ճիշտ հակառակը, ընդդիմախոսի հետ նույնպիսի քաղաքական փաստարկներով խոսելու փոխարեն, խոսում է բացառապես անձնական վիրավորանքի հարթությունում։ Ի՞նչ է նշանակում, թե «ներկաները մեծ ջանք են գործադրել ելույթի ընթացքում չքնելու համար», կամ` «հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի»։ Ինչ-ինչ, հասարակությունը լավ քաջածանոթ է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի ինտելեկտուալ հնարավորություններին և գիտելիքների պաշարին։ Քոչարյանը հերթական անգամ ընդամենն ապացուցեց, որ տասը տարի իշխանության մեջ գտնվելուց հետո անգամ չկարողացավ ձեռք բերել քաղաքական գործչի համար, թերևս, ամենակարևորը` քաղաքական բանավեճի կուլտուրան։ Պատասխանը, որ նա հնչեցրել է, ավելի հարիր է որևէ թաղային հեղինակության, քան երկրի նախկին նախագահին։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ